Օվկիանոս
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օվկիանոսը (հունարեն՝ Ωκεανός, Օկեանուս) աղի ջրի ահռելի զանգված է և ջրոլորտի հիմնական բաղադրիչը։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն քառակուսի կիլոմետր մակերես) ծածկված է օվկիանոսով՝ ջրային անընդհատ զանգվածով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր ծովերի։ Այս մակերեսի կեսից ավելը ունի 3,000 մետրից ավել խորություն։ Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3.5%, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3.1% և 3.8%–ի միջև։