Հայոց Ցեղասպանություն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց Ցեղասպանություն (Մեծ Եղեռն, Armenian Genocide) - արևմտահայության բռնի տեղահանումն ու շուրջ մեկ ու կես միլիոն հայերի կոտորածներն էին 1915-1923 թթ., Օսմանյան Թուրքիայում: Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոնստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ:
Հայոց Ցեղասպանությունն աշխարհում երկրորդ ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է[1]:
Բովանդակություն |
[խմբագրել] Մեծ Եղեռնի մասին
Սկսած առաջին աշխարհամարտից` հնարավորություն էր ընձեռնում Երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի նկատմամբ: Երիտթուրքերը իրականացնում են դեռևս 1911թ.Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը:Այն նախատեսում էր,որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն,իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գօրծերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գօրծերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ)և ուրիշներ:
Մտադրվելով ոչնչացնել հայերին` նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը: Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին: Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթար: Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ:
1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում... Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ: Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը: Վերջինին հետևելով` իրականության դեմ իրենց աչքերը փակ է պահում աշխարհի պետությունների մեծ մասը:
[խմբագրել] Մինչև 1908 թվականը
1877 թվականին սկսվեց Ռուս-թուրքական հերթական պատերազմը, որի արդյունքը եղավ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը: Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ: Սա հայերի համար հիանալի տարբերակ էր: Սակայն արևմտաեվրոպական պետությունները, մտահոգվելով Ռուսաստանի հաջողությունների մասին, հակամարտող կողմերին հրավիրեցին նոր բանակցությունների, արդեն Բեռլինում: Այնտեղ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային: Փոխարենը առաջացավ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ: Հայկական հարցը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և հետևաբար հայերի վիճակի բարելավումը: Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը: Եվրոպական դիվանագիտությունը Հայկական հարցը սկսեց օգտագործել որպես Թուրքիային ճնշելու գործիք: Եվ թուրքական կառավարությունը որդեգրեց պայքարի նոր ձև... Նրանք Հայկական հարցը վերացնելու համար ընտրեցին ամենաանմարդկային տարբերակը` վերացնել հայ ժողովրդին երկրի երեսից: Այդ նպատակով ստեղծվեցին համիդիե կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը: Խստացվեց հայահալած քաղաքականությունը: Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ սուլթան Աբդուլ Համիդ II-ը: Նրա նախաձեռնությամբ 1895-1896թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը: Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում: Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ: Այս իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպաթոս Քլիֆորդ Լլոյդը ասել է. Սուլթանի հայ հպատակները տառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը:
[խմբագրել] 1908-1914 թվականները
1908 թվականին երիտթուրքերը Թուրքիայում կատարեցին հեղաշրջում, որին իրենց աջակցությունը ցույց տվեցին նաև հայկական կուսակցությոնները: Սակայն այդ ժամանակ թուրքական քաղաքականության մեջ արմատավորվեց պանթուրքիզմի գաղափարախոսությունը: Այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը: 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը: Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք: Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքները է՜լ ավելի սաստկացան: 1911թ.-ի հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով: Այդպես ողջ Օսմանյան Կայսրությունը պատրաստվեց հայերին վերջնական հարված տալու: Հայերի բնաջնջման գործը իրենց ձեռքը վերցրին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին շաքիր բեյը և այլոք:
[խմբագրել] 1915-1916 թվականները
Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին, 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: 1915թ.-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը անցավ 800-ից: Սրանք բոլորը այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին: Թուրքական սրի զոհը դառան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ... Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ... Հայերին կամ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը կամ սպանում էին կամ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթվեցին Միջագետքի անապատներ, հիմնականում Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին... Այս կոտորածի արդյունքները զարհուրելի են: Արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից` ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը: Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում: Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի էին նաև նյութական կորուստները: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց 14.5 միլիարդ ֆրանկի վնաս: Իսկ ահա 1915-1916 թվականներին նահատակվեց ըստ տարբեր աղբյուրների 500 000 - 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվ կազմել է մոտ 1 200 000[2] [3] [4]։
[խմբագրել] 1916 թվականից հետո
Այսքանով հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին: Երիտթուրքերի 1918 թվականին Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 000, իսկ 1920-1922 թվականներին արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ` 260 000 հայ: Ընդհանուր առմամբ, 1895-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 500 000 հայ:
1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի` հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում... Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ: Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը: Վերջինին հետևելով` իրականության դեմ իրենց աչքերը փակ է պահում աշխարհի պետությունների մեծ մասը
[խմբագրել] Նշումներ
- ↑ Rummel R. J. "The Holocaust in Comparative and Historical Perspective". The Journal of Social Issues. Volume 3, no.2. April 1, 1998.
- ↑ Vahakn Dadrian, History of the Armenian genocide, Autopsy of the Armenian genocide
- ↑ Yves Ternon, Armenians, history of a genocide, 1915, the Armenian genocide — with Gerard Chaliand
- ↑ Levon Marashlian, Politics and Demography: Armenians, Turks and Kurds in the Ottoman Empire Zoryan Institute (1991) ISBN 0-916431-30-4