Շահումյան (շրջան)
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահումյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ութ շրջաններից մեկն է, որը 1992-ից ի վեր բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Տեղի հայ բնակչությունը (շուրջ 20.000) տարհանվել է։ Այնուհետև Շահումյանը վերաբնակեցվել ադրբեջանցիներով, որոնք շրջկենտրոն հանդիսացող Շահումյան ավանը անվանափոխել են «Աշաղի Ագջաքենդ»։
ԼՂՀ վարչատարածքային նոր բաժանման Շահումյանի շրջանը ընդգրկում է ազատագրված Վայկունիքի շրջանը։ Այսպիսով Շահումյանի շրջանը փաստացի կազմում է Վայկունիքը, որի մակերեսը 1.830 կմ² է, բնակչությունը՝ 2.560 մարդ (2005 թ.[1])։
Շրջկենտրոնն է Քարվաճառը։ Շրջանի գյուղերից են Ակնաբերդը, Նոր Գետաշենը, Եղեգնուտը։ Կարևոր պատմական բնակավայրերից են Ջերմաջուրը (միջնադարյան աղբյուներում հիշատակված «Բաղնիս արքունական»-ը) և իշխանանիստ Ծարը։ Վակունիքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, այստեղ են գտնվում նշանավոր Դադիվանքը, Լևոնաբերդը և այն։
Դեռևս 1921-ին, ըստ Անդրկովկասի Խորհրդային Հանրապետությունների վարչատարածքային առաջին բաժանման, Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո էլ Արցախի մաս էր կազմում Վայկունիքը, սակայն հետագայում անջատվել է նրանից՝ վերակազմավորվել որեպես Քելբաջարի շրջան՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ամենակատաղի կռիվները տեղի են ունեցել այստեղ. Վայկունիքը ազատագրվել է հազարավոր հայ զինվորների արյան գնով։
Վայկունիքը արևելքից սահմանակցում է Մարդակերտին, հարավից՝ Քաշաթաղի շրջանին, հյուսիս-արևմուտքից՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքին և հարավ-արևմուտքից Սյունիքին։ Ունի խիստ լեռնային մակերևույթ, չորս կողմից շրջապատված է լեռնաշղթաներով. Արևելյան Սեվանի, Արցախի, Մռավի լեռնաշղթայով և Ղարաբաղի բարձրավանդակով։ Վայկունիքի գավառից է սկիզբ առնում Տրտու գետը իր բազմաթիվ վտակներով, որի հովիտը հայտնի է իր մեղմ և առողջարար կլիմայով։
Աղբյուրներ, նշումներ, հղումներ: |