Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Կյանքի Խոսք Եկեղեցի — Վիքիփեդիա

Կյանքի Խոսք Եկեղեցի

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կյանքի Խոսք եկեղեցին հիմնադրվել է Ուլֆ Էկմանի կողմից 1983 թվականին Շվեդիայի Ուպսալա քաղաքում։

[խմբագրել] Ծագումը

«Կյանքի Խոսք» եկեղեցին քրիստոնեության բողոքական ուղղության ավետարանական շարժի պատկանող եկեղեցի է, որը հիմնադրվել է աստվածաբան և հոգևոր հովիվ Ուլֆ Էկմանի կողմից 1983 թվականին Շվեդիայի Ուպսալա քաղաքում։ Չնայած հրահրվող դժվարություններին ու հալածանքներին՝ «Կյանքի Խոսք» եկեղեցիներ սկսեցին հիմնվել ոչ միայն Շվեդիայում, այլև՝ ողջ Սկանդինավիայում։ Հովիվ Ուլֆ Էկմանի առաջնորդությամբ՝ Ուպսալայի «Կյանքի Խոսք» եկեղեցին 1989 թվականից ակտիվորեն սկսում է զբաղվել միսիոներական գործունեությամբ։ Մի քանի տարվա ընթացքում հաջողվում է 700-ից ավելի տեղական քրիստոնեական եկեղեցիներ (համայնքներ) հիմնել Ռուսաստանի Դաշնությունում և Արևելյան Եվրոպայի երկրներում։ Ուլֆ Էկմանը որպես եկեղեցու գլխավոր հովիվ շարունակում է ծառայել մինչև 2000 թվականը, երբ այդ պաշտոնը հանձնելով երկրորդ հովիվ Ռոբերտ Էկին, ինքը ստանձնում է «Կյանքի Խոսքի» և, առհասարակ, բողոքականության միջազգային հեղինակության բարձրացման գործը։ Առ այսօր նա իրականացնում է ակտիվ առաքելական գործունեություն, պարբերաբար համաժողովներ է անցկացնում բողոքական հովիվների և առաջնորդների մասնակցությամբ, դասավանդում է հոգևոր ուսուցման խոշոր կենտրոններում, միաժամանակ հանդիսանում է աշխարհի հեղինակավոր գիտակրթական հաստատություններից մեկի՝ ԱՄՆ-ի Օրալ Ռոբերտսի համալսարանի (Oral Roberts University) հետ համատեղ հիմնադրված Livets Ord (Կյանքի Խոսք) համալսարանի նախագահը։

[խմբագրել] ԴԱՎԱՆԱՆՔԸ

«Կյանքի Խոսք» եկեղեցին իրեն դիտում է Հիսուս Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած բոլոր հավատացյալներին միավորող Ընդհանրական Եկեղեցու բաղկացուցիչ մաս։ Հանդիսանալով ավետարանական շարժի հոգեգալստական-խարիզմատ ընտանիքին պատկանող եկեղեցի՝ այն խիստ հարգալից է վերաբերվում քրիստոնեության երեք ավանդական ուղղությունների՝ Կաթողիկե, Ուղղափառ և Բողոքական, եկեղեցիներին։ «Կյանքի Խոսք» եկեղեցու հավատքի ուսմունքը հիմնվում է կանոնական Սուրբ Գրքի՝ Աստվածաշունչ մատյանի վրա։ Եկեղեցին Աստվածաշունչն ընդունում է որպես ամենաբարձր հեղինակություն, որպես Աստծո ամբողջական ու անփոփոխ հայտնություն և չի առաջնորդվում որևէ մեկնողական գրքով։ «Կյանքի Խոսք»-ի դավանաբանության համար հիմնարար նշանակություն ունեն Նիկեական, Առաքելական և Աթանեսական հավատո հանգանակները, որոնք հաստատվել են 4-րդ և 8-րդ դարերի եկեղեցական տիեզերաժողովների ժամանակ, և որոնք իրենց մեջ խտացված բովանդակում են քրիստոնեական հավատի և վարդապետության հիմքերը։ Եկեղեցու կրոնադավանությունը հաշվի է առնում առաքելական ավանդությունը և նախորդ սերունդների եկեղեցական փորձը։

«Կյանքի Խոսք» եկեղեցին դավանում է Սուրբ Երրորդություն՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի՝ չխառնելով անձերը և չբաժանելով Աստվածային բնությունը։ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկ Աստված է՝ հավասարապես փառավորված և հավիտենապես մեծարված։ Սուրբ Երրորդության ուսմունքը անվերապահորեն ընդունող, Աստվածաշունչը որպես Աստծո անփոփոխ խոսք հաստատող և Քրիստոսի վարդապետության հիմքերը դավանող եկեղեցիներին «Կյանքի Խոսք»-ը համարում է քույր եկեղեցիներ։

Ստորև ներկայացնում ենք մի դրվագ «Կյանքի Խոսք» եկեղեցու դավանանքից.

ԱՍՏՎԱԾ Մենք հավատում ենք, որ գոյություն ունի մեկ ճշմարիտ, կենդանի, հավիտենական, անփոփոխ, ամենակարող, արդար, ողորմած և սուրբ Աստված, Ով արժանի է հարգանքի, պատվի, սիրո և վստահության։ Աստված Եռամեկ է՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի (Ելից 3.14, Ովսէ 12.5, Մատթ. 28.19,20)։

ԱՇԽԱՐՀԻ ԱՐԱՐՈՒՄԸ Մենք հավատում ենք, որ Աստված է տիեզերքի Արարիչը։ Նա է ստեղծել երկինքը, երկիրը և ինչ որ կենդանի է։ Նա մարդուն արարել է Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1-2; 5.1,2; Դ Թագ. 19.15)։ Մարդը ստեղծվել է, որպեսզի փառավորի Աստծուն, հաղորդակցվի Նրա հետ, գործի Աստծո հետ և Նրա համար՝ դրա մեջ գտնելով մեծագույն երանություն։

ՄԵՂԱՆՉՈՒՄ Մենք հավատում ենք, որ արարումից հետո մարդիկ չհնազանդվեցին Աստծուն, և դա հանգեցրեց մեղքի ու մահվան։ Մեղանչումը մարդկանց բաժանեց Աստծուց, նրանք հայտնվեցին մեղքի ստրկության մեջ։ Մեղքը Աստծուն չհնազանդվելն է։

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ Մենք հավատում ենք, որ մարդու փրկությունը մեղքի իշխանությունից հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի շնորհքի միջոցով, Ում Աստված ուղարկեց աշխարհ որպես զոհ համայն մարդկության մեղքերի համար։ Հիսուս Քրիստոսն իր վրա վերցրեց մարդու մեղավոր բնությունը, բայց չգործեց և ոչ մի մեղք։ Նա կրեց մեր մեղքերի պատիժը՝ մահանալով խաչի վրա։ Նա արդարացրեց մեզ՝ հաշտեցնելով մեզ Աստծո հետ։ Նա հարություն առավ մեռելներից և այժմ ապրում է որպես մեր Փրկիչ ու Տեր։ Փրկությունը չվաստակած պարգևն է Աստծո, որը մարդն ընդունում է հավատքի միջոցով (Եփես. 2.5; Ա Կոր. 3.5-7; Հովհ. 3.16; 1.14; Եբր. 4.14)։

ՀԱՎԱՏԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՅԱՆՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ Մենք հավատում ենք, որ հավատադարձությունը տեղի է ունենում մարդու ապաշխարությամբ, երբ նա վերստին ծնվում է, արդարություն է ստանում և հաշտվում է Աստծո հետ։ Այդ պահից նա սկսում է աճել սուրբ կյանքի մեջ՝ Աստծո հետ հաղորդակցվելու միջոցով (Հովհ. 3.3; Բ Կոր. 5.17)։ Մենք հավատում ենք, որ ապաշխարությունը մարդու անձնական որոշումն է՝ ետ դառնալ իր մեղքերից և հավատքով ընդունել Հիսուս Քրիստոսի արդարությունը։ Այս որոշումը ներշնչված է Աստծո Հոգով (Գործք 3.19)։ Մենք հավատում ենք, որ հավատքը Աստծո Խոսքը որպես ճշմարտություն ընդունելն է։ Դա մարդու գիտակցված որոշումն է, որը նրան բերում է Աստծո հետ կենդանի փոխհարաբերությունների (Գործք 16.31; Հռոմ. 10.4)։ Մենք հավատում ենք, որ արդարացումը մի այնպիսի վերամիավորում է Աստծո հետ, որ կարծես երբեք չէինք էլ մեղանչել (Հովհ. 1.16; Գործք 13.39; Հռոմ. 8.1)։


ՀԱՎԱՏԱՑՅԱԼԻ ԿՅԱՆՔԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Մենք հավատում ենք, որ Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է՝ կազմված մարդկանցից, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես իրենց միակ Փրկիչ, ովքեր հավատում են Նրա կատարած զոհին ու Նրա Արյանը՝ որպես փրկության միջոց ամեն մեղքից, ովքեր դավանում են Նրան որպես իրենց Տեր (Ա Կոր. 12.27; Գաղ. 3.28)։ Մենք հավատում ենք, որ ջրի մկրտությունը մարդու մեջ ներքին փոփոխություններ խորհրդանշող արտաքին գործողություն է, երբ նա մեռնում է մեղքի համար և հարություն առնում Քրիստոսի մեջ նոր կյանքի համար (Հռոմ. 6.4; Գործք 3.38)։ Մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգով մկրտության նշանը, որ վերապրեցին առաքյալները Հոգեգալստի օրը, երբ նրանք սկսեցին խոսել օտար լեզուներով, այսօր նույնպես արդիական է։ Մկրտության ապացույց է հանդիսանում նաև հավատացյալների լցվելը հոգևոր զորությամբ՝ Ավետարանը քարոզելու համար։ Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը ուղարկեց հավատացյալներին բոլոր մարդկանց քարոզելու Բարի լուրն այն մասին, որ Նա մահացավ նրանց մեղքերի համար, հարություն առավ նրանց արդարացնելու համար և ապրում է որպես նրանց միակ Փրկիչ և Տեր։ Այս առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար Նա Իր հետևորդներին օժտեց Իր Հոգու զորությամբ (Մարկ. 16.15)։ Մենք հավատում ենք, որ հավատացյալների կյանքում հոգևոր պարգևները դրսևորվում են Աստծո Խոսքի հաստատման, Եկեղեցու շինության և Ավետարանի տարածման համար (Մարկ. 16.17,18; Ա Կոր. 12-13)։ Մենք հավատում ենք, որ հաղորդությունը կամ Տերունական ընթրիքը կազմված է հացից և գինուց, որոնք խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։ Ընդունելով հաղորդությունը՝ հավատացյալները վերհիշում և հռչակում են Տեր Հիսուս Քրիստոսի զոհը։ Այդպիսով քրիստոնյաները ցույց են տալիս իրենց հավատքը Քրիստոսի սիրո, Նրա կողմից մեր կյանքի փրկագնման, մեր մեղքերի պատճառով արդարև վաստակած մեր պատիժն Իր վրա կրելու և Նրա հարության միջոցով հավիտենական կյանքի հանդեպ (Ղուկ. 22.19,20; Ա. Կոր. 10.16; 11.26-30)։ Մենք հավատում ենք, որ Աստծո կամքն է, որպեսզի մեր հոգին, շունչը և մարմինը առողջ լինեն։ Ավետարաններում նկարագրված Քրիստոսի ծառայությունը միշտ ուղեկցվում էր մարդկանց բժշկություններով։ Բժշկության ծառայությունն այսօր էլ մնում է արդիական Եկեղեցու համար (Մարկ. 6.56; Ես. 53.5; Ա Պետ. 2.24)։ Մենք հավատում ենք, որ նվիրատվությունը մեր գոհության նշանն է Աստծուն՝ Իր առատաձեռնության և շնորհքի համար, ինչպես նաև մեր հավատքի արտահայտումն է ապագայում Աստծո հոգածության հանդեպ։ Նվիրատվությունն իր մեջ ներառում է տասանորդն ու զոհաբերությունները, որոնք ուղղվում են Եկեղեցու առաքելության իրականացմանը (Առակ. 3.9,10; Մաղ. 3.10; Ղուկ. 6.38)։

ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ ԵՎ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը երկրորդ անգամ կգա երկիր, որպեսզի հարություն տա Քրիստոսում ննջածներին և կենդանի մնացած հավատացյալների հետ միասին վերցնի երկինք։ Մենք հավատում ենք, որ հավատացյալներին սպասվում է հավիտենական կյանք Աստծո ներկայության մեջ, իսկ մեղավորներին՝ հավիտենական պատիժ (Հռոմ. 6.22; Բ Թեսաղ. 1.8,9)։

Ի դեպ, եկեղեցին չի արգելում հավատացյալ կանանց ծառայությունը՝ Ավետարանի քարոզումը և ուսուցումը։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

«Կյանքի Խոսք» եկեղեցին չի առարկում ծառայությունը պետության զինված ուժերում, խրախուսում է իր անդամների օրինապահ լինելը։

Եկեղեցու ուսմունքը իր հետևորդների առջև որևէ սահմանափակումներ չի դնում ազգային խորհրդանիշները հարգելու, պետական տոները, ծննդյան օրերը կամ այլ տարեդարձները նշելու առումով։ Եկեղեցին ազգային պատկանելությունը չի ստորադասում կրոնական պատկանելությանը և հանդես է գալիս որպես ազգային միասնության, ազգային ինքնության և մշակույթի պահպանման ջատագով։

Եկեղեցին յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալի համար այսօր էլ հասանելի է համարում գերբնական բժշկման շնորհը հավատի միջոցով, սակայն միաժամանակ բժշկագիտությունը ևս դիտարկում է որպես Աստծո պարգև մարդկությանը, ուստի իր հետևորդներին խրախուսում է անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական օգնության։ Արյան փոխներարկումը նույնպես համարվում է հավատքին չհակասող բնականոն երևույթ, իսկ դոնորական արյան հանձնումը՝ մերձավորի հանդեպ սիրո դրսևորում և Աստվածահաճո գործ։

Եկեղեցին իրեն չի համարում որպես աստվածային ճշմարտության միակ կրող, այլ դիտում է իրեն որպես Քրիստոսի տիեզերական մարմնի բաղկացուցիչ մաս և հոգևոր զինակից մյուս բոլոր քրիստոնեական եկեղեցիներին։

«Կյանքի Խոսք» եկեղեցին կարևորում է պետություն-եկեղեցի, հասարակություն-եկեղեցի և միջհարանվանական հարաբերությունները՝ այս համատեքստում անհրաժեշտ համարելով ուղիղ և անմիջական կապերը պետական մարմինների ու կրոնական կազմակերպությունների միջև, ինչպես նաև վերջիններիս կողմից բաց և թափանցիկ գործելաոճը, մասնավորապես՝ պետական պաշտոնատարների, լրագրողների, կրոնի հարցերով մասնագետների, հետազոտողների և շարքային քաղաքացիների հետ շփումներում։ Եկեղեցին իր գործունեության, դավանանքի և սոցիալական հայեցակարգի մասին լիարժեք տեղեկատվություն է ներկայացնում իր պաշտոնական ինտերնետային կայք-էջերում և պարբերականներում։ Բացի այդ, Եկեղեցու մամլո քարտուղարությունը բոլոր շահագրգիռ անձանց համար ապահովում է ամբողջական և սպառիչ տեղեկատվություն։

[խմբագրել] Եկեղեցին Հայաստանում

Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցին հիմնադրվել է 1990 թվականին։ 1993 թվականին այն գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդում՝ համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1991 թվականին ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի, իսկ 2000 թվականին վերագրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Եկեղեցու հովիվն է Արթուր Սիմոնյանը, ով ի սկզբանե ակտիվորեն մասնակցել է Եկեղեցու հաստատման գործին, հիմնել և ղեկավարել է տարբեր ծառայություններ (բաժիններ)։ Նա ամուսնացած է, ունի երկու դուստր։

Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցին իր հետևորդների թվով և գործունեությամբ հանդիսանում է ԱՊՀ տարածքի և մերձավորարևելյան տարածաշրջանի խոշորագույն տեղական եկեղեցիներից մեկը։ Գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում շուրջ 35 տեղական եկեղեցիներ են հիմնադրվել Հայաստանում և արտերկրում։ Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին անցկացվում են եկեղեցական մեծ ծառայություններ։ Եկեղեցու գրանցված անդամների թիվը հասնում է մի քանի հազարի։ Հովիվ Արթուր Սիմոնյանի առաջնորդությամբ՝ Եկեղեցին ավետարանչական-առաքելական գործունեություն է ծավալում Կովկասում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում։ Սերտ միջեկեղեցական կապեր են գործում ինչպես Հայաստանի ավետարանական ընտանիքի, այնպես էլ Շվեդիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի «Կյանքի Խոսք» և Եվրոպայի, ԱՄՆ-ի, ԱՊՀ երկրների ավետարանական շարժի եկեղեցիների հետ։

Եկեղեցում գործում են ավելի քան 35 ծառայություններ (բաժիններ)։ Շեշտադրված աշխատանք է իրականացվում հովվական, սոցիալական, հեռուստատեսային, ավետարանչական, կրթական, աղոթքի և փառաբանության, վարչաֆինանսական և քարտուղարական, հրատարակչական, կալանավայրերի, հաշմանդամների, արհեստական վիժեցումների կանխարգելման, երիտասարդական, մանկա-պատանեկան, մշակութային ծառայությունների ոլորտում։

Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցին լայնածավալ գործունեություն է ծավալում սոցիալական ոլորտում։ Եկեղեցու «Գնացեք, տեսեք ...» գթության ծառայությունը ծնվել է 1992 թվականին՝ Արթուր Սիմոնյանի նախաձեռնությամբ։ Ծառայության կազմավորման առաջին օրը հանդես գալով եկեղեցու առջև՝ նա քարոզում է Մարկոս 6. 30-44 խոսքերը, որտեղ նկարագրված է այն պատմությունը, թե ինչպես Հիսուսը 5000-ից ավելի մարդ կերակրեց։ Հաջորդ օրը մարդիկ այցելում են եկեղեցի՝ յուրաքանչյուրը բերելով այն, ինչ կարող էր՝ 1կգ շաքարավազ, 0,5կգ բրինձ, հագուստ... Սակայն ամենացնցողը լինում է առաջին զոհը՝ մեկ մատնաքաշ։ Այդ ժամանակ հացը ամենաթանկ բանն էր, քանի որ մարդիկ նույնիսկ շուրջօրյա հերթեր էին կանգնում հացի համար։ Նվիրաբերությունները հատկացվում են պատերազմից և երկրաշարժից տուժածներին։ Հետագա տարիներին Եկեղեցու անդամների նվիրատվությունների շնորհիվ հնարավոր է դառնում իրագործել մի շարք ծրագրեր։ 1993-1996 թվականներին գթության ծառայությունը, համագործակցելով Հայաստանի հումանիտար օգնության հանձնաժողովի հետ, կյանքի է կոչել «Կերակրիր սովածներին» ծրագիրը՝ սննդով ապահովելով 10 հազար մարդու։ 1996-1998 թվականներին համագործակցելով Արաբկիրի թաղապետարանի հետ՝ ծառայությունն իրականացրել է «Շարժական ճաշարան» ծրագիրը՝ շաբաթական 3 անգամ կերակրելով 400 մարդու։ 1998-2001թթ. ծառայությունն իրագործել է «Աստվածային 3-րդ ճանապարհ անտուն-թափառականների համար» ծրագիրը։ Բազմամասնագիտական խմբի (հոգեբան, մանկավարժ, սոցիալական աշխատող) օգնությամբ աշխատանք է տարվել տարբեր պատճառներով փողոցում հայտնված ընտանիքներին սթրեսից դուրս բերելու, իրենց նախկին կյանքին վերադարձնելու ուղղությամբ։ Ծրագրում ընդգրկվածներն ապահովվել են աշխատանքով, տնտեսական-կենցաղային իրերով, Երևանում կառուցված բնակարաններով։ 2001-2003թթ. «Օգնություն սահմանամերձ գյուղերին» ծրագրի արդյունքում 15 սահմանամերձ գյուղերի բնակիչներ ապահովվել են սննդամթերքով և հագուստով։

2001 թվականից եկեղեցին իրականացնում է «Երկնքի արքայությունը մանուկներին» ծրագիրը, որը կազմված է կանխարգելում-կողմնորոշում-խնամատարություն բաղադրիչներից։ 2002-2003թթ. ծրագրում ընդգրկված է եղել նախկինում բռնության ենթարկված 30 երեխա, 2006 թ-ին՝ շուրջ 250, իսկ ներկայումս խնամքի տակ գտնվող երեխաների թիվը հասնում է 500-ի։

Կանխարգելում փուլում բազմամասնագիտական խմբի (հոգեբան, սոցաշխատող, մանկավարժ) աշխատանքների շնորհիվ կանխվել է հիշյալ երեխաների մուտքը մանկատուն։ Կողմնորոշում փուլում հետազոտություններ են կատարվել՝ պարզելու, թե որ երեխաներն են ի վիճակի ապրելու բիոլոգիական ծնողների հետ, և որ երեխաները պետք է պետական կառույցների միջամտությամբ հանձնվեն այլ ընտանիքների խնամակալության։ Ծրագրի երրորդ փուլում ընտրվել են համապատասխան խնամակալ ընտանիքներ՝ ծնողների կողմից բռնության ենթարկված երեխաներին խնամակալության հանձնելու համար։

Արդյունքները զգալի են. երեխաներին ընձեռվել է ընտանեկան ջերմ և հոգատար մթնոլորտում մեծանալու հնարավորություն, ամբողջությամբ վերացվել է բռնությունը նրանց նկատմամբ, բարելավվել են սոցիալական պայմանները, վերականգնվել է ուսումը դպրոցներում։ Հատկանշական է, որ բիոլոգիական ծնողների հետ իրականացվել է համակողմանի անհատական աշխատանք, քանզի հետազոտությունները ցույց էին տվել, որ նրանք ունեն հոգեբանի և մանկավարժի մեծ կարիք։ Ինչ վերաբերում է խնամակալներին, ապա նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է իր խնամքին հանձնված երեխային պատշաճ ժամանակում վերադարձնել բիոլոգիական ընտանիք։ Ժամանակը որոշվում է բազմամասնագիտական խմբի և Գթության ծառայության խորհրդի կողմից։ Երեխան կվերադառնա բիոլոգիական ընտանիք, երբ լիովին վերացած կլինի նրա կյանքի նկատմամբ սպառնալիքը, ծնողների կողմից ապահովված կլինեն սոցիալական պայմանները և վտանգի տակ չի լինի կրթության շարունակումը։

Եկեղեցու գթության ծառայությունը իրականացնում է նաև «Օգնություն-վերականգնում-զարգացում» ծրագիրը՝ ֆինանսական և սննդի օգնություն հատկացնելով Եկեղեցու սոցիալապես անապահով ընտանիքներին։ Սակայն ծրագիրը չի սահմանափակվում զուտ օգնության հատկացմամբ. շեշտ է դրվում սեփական ընդունակությունների, ստեղծագործական կարողությունների և աշխատասիրության զարգացման միջոցով ընտանիքի կենսապայմանների ապահովմանը հասնելու վրա։


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -