Կենդանակերպի նշաններ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենդանակերպի նշանները Կենդանաշրջանի 12 հավասար հատվածներն են: Նրանց աստղաբաշխական իմաստավորումը, վերագրվող արժեքներն ու նշանակությունները տարբերվում են աստղաբանական տարբեր ավանդություններում: Արևմտյան և հնդկական աստղաբաշխությունների մեջ կարևորվում է հատկապես լուսատուների և մոլորակների զբաղեցրած դիրքերը Կենդանակերպի նշաններում: Մյուս աստղաբաշխական ավանդույթներում առավել մեծ նշանակություն է տրվում օրացույցային տարիների և մոլորակների հատուկ պարբերաշրջաններին: Սակայն բոլոր աստղաբաշխական ավանդույթները միավորում է մեկ հիմնարար սկզբունք` ուսումնասիրվող երևույթի սկզբնավորման պահն իմանալու և վերլուծելու անհրաժեշտությունը: Կապված նրանից, թե ծննդյան պահին երկնակամարի որ հատվածն էր ելնում արևելքում, որոշում էին սկսվող տարվա բնույթը, պետությունների, շինությունների, մարդկանց և ցանկացած այլ երևույթների ճակատագրերը:
Բովանդակություն |
[խմբագրել] Արևմտյան կենդանակերպի նշանները և նրանց դասակարգումը
Արևմտյան կենդանակերպի նշանները ստորաբաժանվում են մի շարք սկզբունքների հիման վրա: Նրանք բազմազան են`
- Միմյանց նկատմամբ ունեցած հայեցողությունների համաձայն: Եռանկյունի հայեցողությունը/120°/ տալիս է 12 նշանների բաժանումը ըստ 4 դասական տարրերքների` հուր, օդ, հող և ջուր /3×4/: Քառանկյուն հայեցողությունը/90°/ առաջացնում է կենդանակերպի խաչաբաժանումը 3 որակների` հիմնական կամ շարժուն, կայուն կամ սևեռուն և փոփոխական կամ հասարակ /4×3/:
- Ըստ տարվա եղանակների` 4 քառորդների. գարուն` ջերմ և խոնավ, սանգվինիկ, ամառ` ջերմ, չոր և խոլերիկ, աշուն` ցուրտ, չոր և մելանխոլիկ, ձմեռ` ցուրտ, խոնավ և ֆլեգմատիկ:
- Ըստ տարրերքի և հերթականության ` արական և իգական, ցերեկային և գիշերային, ջերմ և ցուրտ:
- Ըստ տարրերքների և աշխարի կողմերի` հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան:
- Ըստ ելման տևողության` ուղիղ ու երկար ելման նաններ և կարճ ու թեք ելման նշաններ:
[խմբագրել] 12 նշանների բնութագիր
Ժմաանակակից արևմտյան աստղաբաշխության մեջ կենդանակերպի ամեն մի նշանի համար ընդունված են ընդհանրացված բնութագրեր: Առանձին որևէ նշանի բնութագիր, սակայն, երբեք լիարժեք չի նկարագրում կոնկրետ անհատին, քանի որ նրա նատալում կամ հորոսկոպում կարող են արտահայտված լինել մի քանի նշաներ, ուստի և այդ անձի բնութագրում պետք է հաշվի առնել այդ նշանների և նրանցում առկա մոլորակների հատկություններն ու որակները: Մարդու հոգեբանական դիմանկարը, որը տրվում է նրա արևային նշանի հիման վրա, բուն աստղաբանական վերլուծական գործընթացի շերտերից մեկն է միայն:
- Խոյ/հուր, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է` "Ես կամ": Ուժեղ արտահայտված Խոյ նշանը անհատին դարձնում է քաջարի, խիզախ, եռանդուն, աշխույժ, գործունյա, իմպուլսիվ, համառ, տոկուն, ուղղամիտ, իրատես, կրքոտ, ղեկավարող և առաջնորդ: Բնորոշ բացասական գծերից են չզսպվաքությունը, ագրեսիվությունը, անհատապաշտությունը, անկանխատեսելիությունը, անհանդուրժողականությունը, անհամբերությունը, մեծամտությունը, ժամանակավրեպ քայլերը, կամակորությունը, ծայրահեղականությունը: Խոյը աստղաբաշխության մեջ համարվում է ռազմաշունչ Մարս մոլորակի իշխանության տակ գտնվող նշան, Արեգակը գահակալում է այստեղ: Բժշկական աստղաբաշխության մեջ Խոյը ղեկավարում է մարդու մարմնի մասերից գլուխն ու գանգը, հիվանդություններից` բոլոր սուր և բորբոքային իրավիճակները, արյան հիվանդությունները և այլն: Բնության մեջ Խոյ նշանին համապատասխանում են խարույկն ու անկառավարելի բոցը` հրդեհը, արևի փայլը ու բնության զարթոնքը:
- Ցուլ/հող, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է` "Ես ունեմ": Ուժեղ արտահայտված Ցուլ նշանի դեպքում մարդը հնարամիտ է, վստահելի, պատասխանատու, համբերատար, հանգիստ, հանդուրժող, կայուն, զգայուն, ուժեղ, զգուշավոր, իրատես, գործունյա, բեղուն, երաժշտասեր և արտիստիկ: Բացասական գծերից են` կամակորությունը, ժլատությունը, ֆորմալիզմը, անվստահությունը սոփական ուժերի նկատմամբ, թուլակամությունը, դանդաղաշարժությունն ու կարծրամտությունը: Ցուլն աստղաբաշխության մեջ իշխում է Վեներա մոլորակը, որն արվեստի, գեղեցկության ու տռփանքի հովանավորն է, գահակալում է այստեղ Լուսինը: Բժշկական աստղաբաշխության մեջ Ցուլը տիրապետում է վզին ու կոկորդին ու նրանց հետ կապված հիվանդություններին: Բնության մոջ Ցլին համապատասխանում են ծաղկող այգիներն ու մարգագետինները, կանաչ դաշտերն ու պտղաբեր վարելահողը:
- Երկվորյակներ/օդ, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է` "Ես մտածում եմ": Ուժեղ արտահայտված Երկվորյակների դեպքում մարդը արագախոս է, բազնակողմանի, հետաքրքրասեր է, կենսունակ, ակտիվ, շփվող, աշխույժ, արագաշարժ և կենսախինդ: Բացասական գծերից են անհանգստությունը, ցրվածությունը, եկերեսանիությունը, մակերեսայնությունը, անկայունությունը, դյուրահավատությունն ու շատախոսությունը/բանբասանք/: Երկվորյակներին աստղաբաշխության մեջ իշխում է Մերկուրի մոլորակը, որը գիտելիքի, կապի և առևտրի հովանավորն է: Գահակալում է Երկվորյակներում Վիշապի գլուխը / տես Լուսնային հանգույցներ /: Բժշկական աստղաբաշխության մեջ Երկվորյակները ղեկավարում են ձեռքերը և ուսերն ու թոքերը, հիվանդություններից` ձեռքերի և ուսերի ու արյունատար անոթների հետ կապված խնդիրները, հիստերիաներ և հիվանդագին երևակայություն: Բնության մեջ Երկվորյակներին համապատասխանում են փոփոխական քամիները, փռչունների ու միջատների թռիչքը և բնության աճը:
- Խեցգետին/ջուր, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է` "Ես զգում եմ": Ուժեղ արտահայտված Խեցգետնի դեպքում անհատը լինում է զգայուն, պահպանող և պահպանողական, հնարամիտ, խնամող, ընտանիքին և հայրենիքին նվիրված, զգացմունքային, ջերմ, կարեկցող, էմոցիոնալ և սիրառատ: Կարող է լինել սակայն ծայրահեղ կպչուն, կասկածամիտ, դյուրագրգիռ, պերճասեր, քմահաճ և դաժան: Աստղաբաշխության մեջ Խեցգետնին իշխում է խորհրդավոր Լուսինը, որը արգասաբերության և մայրության խորհրդաանիշն է: Խեցգետնում գահակալում է Յուպիտեր բարերար մոլորակը: Բժշկական աստղաբաշխության մեջ Խեցգետինը ղեկավարում է կուծքն ու ստամոքսը, հիվանդություններից`ստամոքսի և մարսողության խանգարումները, կրքծի քաղցկեը և այլն: Բնության մեջ Խեցգետնին համապատասխանում են ջրհորները, անտառային առուները, աղբյուրները, անձրևն ու խոնավ տերևները, սաղմնավորման և հասունացման ընթացքը:
- Առյուծ/հուր, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է` "Ես հրամայում և իշխում եմ": Ուժեղ արտահայտված Առյուծ նշանի դեպքում անձն օժտված է ստեղծագորքելու տադանդով, այն առատաձեռն , հպարտ, զվարճասեր, թատերասեր, կրքոտ, ջերմ, նրբազգաց, պատվասեր, մեծահոգի, ազնիվ, վառ, գերող և ուժեղ անհատականություն է: Նաև լինում է իշխանասեր, եսասեր, մեծամիտ, ամաչկոտ, պարծենկոտ և ծայրահեղ սեփականատեր: Աստղաբաշխության մեջ Առյուծին իշխում է կենսգործ ու հրաշափայլ Արեգակը , որն իրենից բացի գահակալներ չի հանդուրժում: Բժշկական աստղաբաշխության մեջ Առյուծը ղեկավարում է սիրտն ու մեջքը, հիվանդություններից` սաստիկ ջերմային տենդերը, սրտի և մեջքի թուլությունները, աչի բորբոքումներ և այլն: Բնության մեջ Առյուծին համապատասխանում է ամառային շոգն ու տապը, հասունությունը և կառավարվող կրակը:
- Կույս/հող,փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է` "Ես վերլուծում են": Ուժեղ արտահայտված Կույս նշանի դեպքում մարդը սովորաբար իրատես է, աշխատասեր, պահանջկոտ, ճշտապահ, բծախնդիր, համեստ, զգուշավոր, հանգիստ, մաքրասեր, սրամիտ, մտավորական և պրագմատիկ: Սակայն նա կարող է լինել նաև անհեռատես, մանրունքների հետևից ընկնող, կարծրամիտ, դյուրագրգիռ և ծայրահեղ քննադատող ու պահպանողական: Աստղաբաշխության մեջ Կույս նշանն իշխում է Մերկուրի մոլորակը, որը նաև իր գահակալությունն ունի նրա մեջ: Բժշկական աստղաբաշխության մեջ Կույս նշանը ղեկավարում է աղիներն ու մարսողությունը, հիվանդություններից` մարսողության խախտումներն ու քարագոյացումը: Բնության մեջ Կույս նշանին համապատասխանում են հասունացած ցորենի արտերը, հասկերն ու հունձքը և պտղաբերությունից ուժասպառ հողը:
- Կշեռք/օդ, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է ` "Ես հավասարակշռում եմ": Ուժեղ արտահայտված Կշեռք նշանի դեպքում մարդը ընկերասեր է և հանրային, դիվանագետ, անկողմնակալ, հարգալից, արդարամիտ, նրբանկատ, շփվող, խաղաղասեր, հմայիչ, հավասարակշռված և դյութիչ: Բացասական գծերից են թուլակամությունը, անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, անվճռական լինելը, որոշումներ կայացնելու անկարողությունը, մշտական տատանումները, անհանգստությունը, հեշտասիրությունը, պերճասիրությունն ու ծուլությունը: Աստղաբաշխության մեջ Կշեռք նշանն իշխում է հմայիչ Վեներա մոլորակը, իսկ գահակալում է Կշեռքում մռայլ ու արդար Սատուրն մոլորակը: Բժշկական աստղաբաշխության մեջ Կշեռքը կառավարում է երիկամներն ու գոտկատեղը, հիվանդություններից` երիկամների և միզապարկի գործունեության խախտումներ, գոտկատեղի թուլություն: Բնության մեջ Կշեռքին համապատասխանում են ոսկե աշունը, մեղմ, հանգիոտ քամին և ծաղիկների բուրմունքը:
- Կարիճ/ջուր, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է` "Ես ցանկանում եմ": Ուժեղ արտահայտված Կարիճ նշանի դեպքում մարդը լինում է կրքոտ, գաղտնամիտ, ուժեղ, նպատակասլաց, խորաթափանց, զգացմունքային, հետաքրքրասեր, հնարամիտ, մտավորական, պատվասեր, համառ, խորհրդավոր և ստեղծագործող: Բացասական գծերից են ծայրահեղ խանդն ու կասկածամտությունը, եսակենտրոնությունն ու կպչունությունը: Աստղաբաշխության մեջ Կարիճին իշխում է ռազմատենչ Մարս մոլորակը: Բժշկական աստղաբաշխության մեջ Կարիճը ղեկավարում է մարդու մեզա-սեռական համակարգն ու հետանցքը, հիվանդություններից` քարագոյացումը միզուղիներում և երիկամներում, թութքը, սեռական օրգանների հիվանդությունները: Բնության մեջ Կարիճին համապատասխանում են հանգիստ կանգնած ջուրը` լճակներն ու ճահիճները, գեյզերներն ու քնած հրաբուխները:
- Աղեղնավոր/հուր, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է` "Ես գիտեմ": Ուժեղ արտահայտված Աղեղնավորի նշանը անհատին դարձնում է ազատասեր, էքստրավերտ, իմաստասեր, ուղղամիտ, բարյացակամ, անկեղծ, մտավորական, լայնախոհ, բազմակողմանի, նախաձեռնող, էքսպանսիվ, արկածախնդիր և լավատես: Բացասական գծերից են անտակտությունը, չափազանցնելու հակումը, թափթփվածությունը, պերճասիրությունն ու պարքենկոտությունը: Աստղաբաշխության մեջ Աղեղնավորին իշխում է բարերար Յուպիտեր մոլորակը, գահակալում է այստեղ Վիշապի պոչը / տես Լուսնային հանգույցներ /: Բժշկական աստղաբաշխության մեջ Աղեղնավորը ղեկավարում է կոնքերն ու հետույքը, հիվանդություններից` լյարդի և արյան հիվանդությունները, խոցերն ու վարակիչ տենդերը: Բնության մեջ Աղեղնավորին համապատասխանում է ճամփորդական խարույկը, բոցի կայծերը, կայծակի փայլը, աստղազարդ երկինքն ու դեպի անհայը հեռուները ձգտումը:
- Այծեղջյուր/հող, հիմնական կամ շարժուն/. նշանի կարգախոսն է` "Ես օգտագործում եմ": Ուժեղ Այծեղջյուր ունենալու դեպքում անհատը սովորաբար խելամիտ է, իրատես, պատասխանատու, համբերատար, կարգապահ, ավանդապաշտ, զգուշավոր, աշխատասեր, համառ, նպատակասլաց, ինքնավստահ, իրազեկ, պատվասեր, բարեխիղճ և հեղինակավոր: Բացասական գծերից են կարծրամտությունը, պահպանողականությունը, շահամոլությունը, կասկածամտությունը, անզգամությունը, մռայլությունը, ծայրահեղ պահանջկոտությունն ու սառնասրտությունը: Այծեղջյուրին իշխում է մռայլ ու արդար Սատուրն մոլորակը, գահակալում է այստեղ Մարսը:Բժշկական աստղաբաշխության մեջ Այծեղջյուրը ղեկավարում է ծնկներն ու կմախքը, հիվանդություններից` ոսկոռների, ջլերի և մաշկի խնդիրներ, կոտրվածքներ, ոլորումներ և այլն: Բնության մեջ Այծեղջյուրին համապատասխանում են ձմեռային սառնությունը և սառույցը, քարացած կամ քարքարոտ հողը ինչպես նաև մերկ ժայռերն ու լեռնագագաթները:
- Ջրհոս/օդ, կայուն կամ սևեռուն/. նշանի կարգախոսն է` "Ես իմանում եմ": Ուժեղ Ջրհոսի դեպքում անհատը ազատասեր է և ոչ ավանդապաշտ, ինտելլեկտուալ, հանդուրժող, անհնազանդ, անհատապաշտ, խաղաղասեր, բարեգործ, ընկերասեր, առանձնահատուկ, հայտնագործող, նորարար և առաջադեմ: Բացասական գծերից են անկանխատեսելիությունը, քմահաճությունը, եսակենտրոնությունը, անտարբերությունը ու էքսցենտրիկությունը: Աստղաբաշխության մեջ Ջրհոսին իշխում է Սատուրն մոլորակը: Բժշկական աստղաբաշխության մեջ Ջրհոսը ղեկավարում է սրունքներն ու նյարդային համակարգը, հիվանդություններից` ոտքերի և անոթաշարժ նյարդերի թուլությունը: Բնության մեջ Ջրհոսին համապատասխանում են պայծառ երկինքը, ամպերը, բուքն ու ձյունածածկ բնապատկերը, ազատագրումն ու ներշնչանքը:
- Ձկներ/ջուր, փոփոխական կամ հասարակ/. նշանի կարգախոսն է` "Ես հավատում եմ": Ուժեղ արտահայտված Ձկներ նշանը անհատին դարձնում է կարեկից, զգայուն, զգացմունքային, միստիկ, հոգևոր, երազկոտ, պասսիվ, հանգիստ, ներշնչվող, զահաբերող, վառ երևակայություն ունեսող, երաժշտասեր և թատերասեր: Բացասական գծերից են թուլակամությունը, թուլությունը, պերճասիրությունը, երկերեսանիությունը, անփութությունը, հեշտասիրությունն ու իրականությունից փախուստի ձգտումը: Ձկներին իշխում է բարերար Յուպիտեր մոլորակը, գահակալում է այստեղ հմայիչ Վեներա մոլորակը: Բժշկական աստղաբաշխության մեջ Ձկները ղեկավարում են ոտնաթաթրն ու լիմֆատիկ և իմունային համակարգերը, հիվանդություններից` ոտնաթաերի հիվանդություններ, գեղձերի գործունեության խախտումներ և իմունային համակարգի թուլություն: Բնության մեջ խորհրդավոր Ձկներին համապատասխանում են ծովերի և ովկիանոսների անհունը, ալիքները, մշուշը, ձնհալը, միաձուլումն ու լուծույթը:
[խմբագրել] Տարրերքներ
Հնուց ի վեր հերմետիզմի առանցքային բաժիններից էր տարրերքների մասին ուսմունքը: Հունական փիլիսոփայության մեջ 4 նախաստեղծ տարրերքներից գոյանում էին աշխարհի բոլոր իրերն ու երևույթները: Արևմտյան աստղաբաշխական համակարգում այս պատկերացումները իրենց անմիջական արտահայտությունն են գտնում կենդանակերպի եռամասն բաժանման մեջ, որը կոչվում է տրիպլիցիտետ` հրային, օդային, ջրային և հողային: Կրակի և օդի նշանները արական, դրական և էքստրավերտ են, հողի ու ջրի նշանները` իգական, բացասական և ինտրովերտ:
- Հրային նշաններն են` Խոյը, Առյուծը և Աղեղնավորը, այս նշաններին բնորոշ է առաջնորդությունն ու ստեղծագործական էներգիան: Հուրը ոգու և երևույթների սկզբի խորհրդանիշն է, այն հնուց ի վեր հոգևոր անմար կրակի խորհրդանիշն էր, այդ պատճառով էլ նա մշտապես առկա էր կրոնական ծեսերում և պաշտամունքային վայրերում: Հրային տարրերքի նշանները կապված են ակտիվ և էքսպանսիվ գործունեության հետ, ուժեղ արտահայտված հուր տարրերքի դեպքում անձը, որպես կանոն, ջերմեռանդ է, արագ ոգևորվող և մարող, քաջարի, նախաձեռնող, բռնկվող, կրքոտ, ուժեղ, իշխանասեր և առաջնորդ: Մյուս տարրերքների հետ հուրը փոխազդում է հետևյալ կերպ` հողն ու ջուրը նրան հանգցնում և սառեցնում են, իսկ օդը` բորբոքում և կենդանացնում է նրան:
- Հողային նշաններն են` Ցուլը, Կույսն ու Այծեղջյուրը, այս նշաններին բնորոշ է կայունությունն ու կուտակման հակումը, քանի որ նրանք առնչվում են նյութական պաշարների հետ: Հողը բնության ամենաարգասավոր տարրերքն է, նրա հետ է առնչվում երկրագարծական տարվա պարբերաշրջանը, որն իր արտացոլումն է գտնում երկրագորքական մշակույթների օրացույցերում: Պատահական չէ, որ պտղաբերության հնագույն խորհրդանիշներն են Ցուլը և բնության մայր-աստվածուհին` Կույսը: Հաղ տարրերքի առատության դեպքում անձը ունի կայուն և հանգիստ բնավորություն, վստահելի է և պատասխանատու, իրատես, զգուշավոր և պրակտիկ: Կրակն այրում է հողը, օդը` խեղդում, իսկ ջուրը պարգևում ե նրան արգասաբերություն և կենդանություն:
- Օդային նշաններն են` Երկվորյակները, Կշեռքը և Ջրհոսը, որոնց բնորոշ է կապի հաստատումն ու շփումը: Օդի տարերքը կապված է կենդանության ներշնչման հետ, այն ապրեցրել է բոլոր շնչավոր արարածներին, ապահովվոլով նրանց միասնությունն ու փոխհարաբերությունը: Հնուց ի վեր հուր տարրերքի հետ մեկտեղ օդը զորության և իշխանության, կյանքի և արդարության խորհրդանիշն է: Օդային նշանները առավելապես մարդակերպ են, քանի որ ավանդաբար մարդկային կերպարանք ունեցող էակների տեսքով են պատկերվել: Օդային նշանների շարքին է պատկանում նաև կենդանակերպի միակ առարկա-նշանը` Կշեռքը, որը արդարության և հավասարակշռության խորհուրդն է կրում: Օդ տարրերքի գերակշռության դեպքում անձը, որպես կանոն, չափազանց շփվող է, ընկերասեր, հեշտությամբ է ձեռք բերում նոր ծանոթություններ և գիտելիքներ, նա կենսախինդ է, արագաշարժ, ճարպիկ, բազմակողմանի, իդեալիստ, զբաղվում է հասարակական գործունեությամբ: Ջրի հետ փոխազդելիս օդը իրեն ետ մղված է զգում, հողը` ճնշում է նրան, իսկ հուրը` ապրեցնում:
- Ջրային նշաններն են` Խեցգետինը, Կարիճը և Ձկները, որոնք բնութագրում են մարդկային զգացմունքները, համբերատարությունը, ենթագիտակցությունը: Ջուրը հոգու խորհրդանիշն է, հողի հետ մեկտեղ արգասաբեր տարրերք է, ոռոգելով հողն այն ապահովվում է առատ պտղաբերությունը, որը և նրան դարձնում է բնության հզոր կենատու ուժերից մեկը: Հնագույն շրջանում ջուրը պտղաբերությունից բացի խորհրդանշում էր այսր և անդրշիրիմյան աշխարհների սահմանագիծը, ինչպես նաև մահվան հաղթահարումն ու վերածնունդը/կենաց ջուր/: Երկրային կյանքի ակունքը Խեցգետինն է, երկնային ջրերի խորհրդանիշը` Ձկները, Կարիճը կանգնած է կյանքի և մահվան, նյութականի և հոգևորի սահմանագծում: Ջուր տարրերքի առատությունը անձին դարձնում է գաղտնամիտ, երազկոտ, տարրերային, զգացմունքային, կանխազգացող, խորհրդավոր և քմահաճ: Հուրը եռացնում ու գոլորշիացնում է ջրին, օդը` ցրում և ալեկոծում, իսկ հողը ուղղություն է տալիս նրա անզուսպ հոսանքին:
[խմբագրել] Կենդանակերպի խաչաբաժանումը
Տարրերքները ներկայացնող կենդանակերպի նշանները միավորվում են ներդաշնակ հայեցողությամբ/120°/, ի տարբերություն դրան կենդանակերպի խաչաբաժանումը նշանների "աններդաշնակ" միավորումն է, քանի որ առաջանում է շրջանի քառանկյուն բաժանումից: Եթե չորս տարրերքները նախաստեղծ աշխարհի արարչագործ մասնիկներն են, ապա խաչն արտահայտում է արարված /նյութականացած/ աշխարհում առկա պայքարն ու հակասությունները: Ամենալայն իմաստով, խաչը խորհրդանշում է աշխարհն իր կառուցվածքային կտրվածքներով` վերևի ու ներքևի, աջի և ձախի և այլնի հակադրությամբ: Գաղտնագիտական ավանդությունը կապում է աստղաբաշխական երեք խաչերը Քրիստոսի ինքնադրսևորման երեք ձևերի խորհրդաբանության հետ`
- Հիմնական կամ շարժուն խաչը` Հարության խաչ
- Կայուն կամ սևեռուն խաչը` Խաչելիության խաչ
- Փոփոխական կամ հասարակ խաչը` Թաքնված Քրիստոսի խաչ:
Աստղաբաշխական ավանդույթի համաձայն խաչերի անվանումները կապված են տարվա եղանակների հետ. հիմնական կամ շարժուն նշանները եղանակի շրջադարձային փոփոխության հետ են կապված/գարնան, ամռան, աշնան և ձմռան սկիզբ/, կայուն նշանները` համընկնում են կայուն եղանակային պայմաններ հետ, փոփոխական նշանները կանխորոշում են եղանակի փոփոխությունը:
- Հիմնական կամ շարժուն խաչի նշաններն են` Խոյը, Խեցգետինը, Կշեռքը և Ացծեղջյուրը: Այս խաչը բաղկացած է գիշերահավասարների և արևադարձերի նշաններից, որոնք ըստ էության արևադարձացին կենդանակերպի հանգուցակետերն են, դրանով էլ պայմանավորված է նրանց "հիմնական" անվանումը: Այս նշանների հետ կապված են նախաձեռնությունն ու ջերմեռանդությունը: Հիմնական խաչը նաև հուր տարրերքի հետ է կապված, քանի որ նրա հիմքում հրային Խոյ նշանն է ընկած: Ուժեղ արտահայտված հիմնական նշանների դեպքում անձը, որպես կանոն, նախաձեռնող է և գործունյա, նպատակասլաց, դյուրագռգիր, անհամբեր, օժտված առաջնորդի ընդունակություններով:
- Կայուն կամ սևեռուն խաչի նշաններն են` Յուլը, Առյուծը, Կարիճը և Ջրհոսը: Կայուն խաչը կենդանակերպի կենտրոնական խաչն է և ըստ էության կապված ե մարդու ամենախորքային ըության /բնազդային մակարդակի/ և նրա ձևափոխման հետ: Կայուն խաչի հիմքում հողային տարրերքն է ընկած, քանի որ այն Ցուլ նշանով է սկսվում: Կայուն նշանների գերակշռության դեպքում անձը օժտված է մեծ համբերությամբ և կամքով, նա վճռական է, նվիրված իր գաղափարներին, վստահելի, կայուն և համառ, երբեմն իներտ և պահպանողական:
- Փոփոխական կամ հասարակ խաչի նշաններն են` Երկվորյակները, Կույսը, Աղեղնավորը և Ձկները: Այս նշանները հաճախ անվանվուն են երկմարմին նշաններ, քանի որ նրանք ընկած են հիմնական/շրջադարձային/ և կայուն եղանակների միջև և հնուց ի վեր պատկերվել են երկմարմին էակների տեսքով/բացառությամբ Կույսի/: Փոփոխական խաչի բնորոշ գծերից է անկայունությունն ու հարմարվողականությունը, քանի որ նրա հիմքում օդ տարրերքն է ընկաքծ /Երկվորյակներ/: Ուժեղ արտահայտված փոփոխական նշանների դեպքում անձը հնարամիտ է, աշխույժ, ճկուն և ճարպիկ, բազմատաղանդ, սակայն անկայուն է իր ցանկությունների ու ձգտումների մեջ, հեղհեղուկ, անկանխատեսելի, քմահաճ: Նա կարողանում է հրաժարվել իր պահանջմունքներից և ցանկություններից, հանուն ուրիշների, երբեմն դառնալով շրջապատի գերին և անգամ զոհը:
[խմբագրել] Կենդանակերպի այլ բաժանումներ
Գոյություն ունեն կենդանակերպի նշանների զանազան այլ խմբավորումներ.
- Կենդանական կամ չորքոտանի նշաններն են Խոյը, Ցուլը, Առյուծը, Աղեղնավորը և Այծեղջյուրը, քանի որ նրանք ներկայացված են չորքոտանի էակներով:
- Պտղաբեր կամ բեղուն են համարվում բոլոր ջրային նշանները` Խեցգետինը, Կարիճը, Ձուկը, ինչպես նաև Ցուլը:
- Անպտուղ են համարվում օդ տարրերքի նշանները և հատկապես Երկվորյակները, ինչպես նաև Առյուծն ու Կույսը:
- Մարդկային կամ մարդակերպ են Երկվորյակները, Կույսը և Ջրհոսը:
- Վայրենի նշաններն են Առյուծը և Աղեղնավորի երկրորդ մասը, քանի որ սրանք ներկայացված են վայրի կենդանիներով:
- Համր կամ դանդաղ խոսաղ նշանները ջրայիններն են:
[խմբագրել] Մոլորակների իշխանությունը կենդանակերպի նշաններում
Աստղաբաշխակն ավանդության համաձայն լուսատուներն ու մոլորակները յուրատեսակ հարազատություն ունեն կենդանակերպի որոշ նշանների հետ, որոնց մեջ հայտնվելով նրանք առավել ամբողջական են արտահայտում իրենց հատկությունները, հզորանում և փայլատակում` արժեվորվում: Լուսատուին կամ մոլորակին "հարազատ" կենդանակերպի նշանները համարվում են նրանց բնակատեղին կամ տունը, և տվյալ մոլորակը կամ լուսատուն համարվում է այդ նշանների իշխանը կամ տանուտերը: Հարազատության վառ դրսևորումներից է նաև գահակալությունը, գահակալության նշաններում մոլորակներն ու լուսատուները հասնում են իրենց զորության գագաթնակետին` թագադրվում են: Հարազատության նշաններին հակադիր նշաններում մոլորակների ու լուսատուների ուժն անկում է ապրում, նրանք աքսորվում են կամ բանտարկվում` արժեզրկվում: Կան նաև կենդանակերպի այնպիսի նշաններ, որոնք չեզոք են տվյալ մոլորակի կամ լուսատուի համար, այստեղ հյուրընկալվելով նրանք ոչ արժեվորվում են, ոչ էլ արժեզրկվում:
[խմբագրել] Մոլորակների տնավորումը, գահակալությունը, արտաքսումն ու անկումը կենդանակերպի նշաններում
Կենդանակերպի նշան | Մոլորակի տուն | Գահակալթյուն | Արտաքսում | Անկում |
19° | ||||
3° | --- | |||
--- | --- | |||
15° | ||||
--- | --- | |||
15° | ||||
21° | ||||
--- | ||||
--- | --- | |||
28° | ||||
--- | --- | |||
27° |
Ժամանակակից արևմտյան աստղաբաշխները հակված են կիրառելու նաև Սատուրնից այն կողմ գտնվող մոլորակները` Ուրանը, Նեպտունն ու Պլուտոնը, որոնք հնում հայտնի չէին: Այս մոլորակները երբեմն կոչվում են բարձրագույն մոլորակներ և կապված են հիմնականում վերանձնյա, հանրային գործընթացների հետ:
Աստղաբաշխ-ուսումնասիրողների մեծ մասը համարում են Ուրանի աստղատունը Ջրհոսը, իսկ գահակալության վայրը Կարիճը, Նեպտունինը` Ձկներն ու Ջրհոսը կամ Առյուծը, Պլուտոնինը` Կարիճն ու Խոյը և Աղեղնավորը կամ Ձկները:
Ժամանակակից արևմտյան աստղաբաշխական որոշ ուղղություններ օգտագործում են նաև աստերոիդները կամ թզուկ մոլորակները, դրանցից Ցերերան, Վեստան, Յունոնան, Պալլասը, գտնվում են Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև, Խիրոնը` Սատուրնի և Ուրանի արանքում, ինչպես նաև բազմաթիվ մանր երկնային մարմիններ, որոնք շարունակում են հայտնաբերվել Պլուտոնի ուղեծրից այն կողմ: Հատկապես մեծ տեղ է հատկացվում Ցերերային, որը չափերով առավելագույնն է և աստղաբաշխական պատկերացումների համաձայն իշխում է Կույս կամ Ցուլ նշանում, համադրվելով Մերկուրի մոլորակի հետ, և Խիրոնը, որն իշխում է Ցուլ և Կշեռք նշաններում, քանի որ համարվում է Վեներայի զուգահեռը: Նորահայտ մոլորակների և աստերոիդների իշխանության և գահակալության վերաբերյալ, բնականաբար, աստղաբաշխները միակարծիք չեն, քանի որ նրանց ազդեցությունը դեռ բավարար կերպով ուսումնասիրված չէ:
[խմբագրել] Գրականություն
- Алиса А.Бейли. Трактат о семи лучах./Эзотерическая астрология/.-К.:"Преса Украини", 1993.
- Джинни Эйвери. Астрология и ваше здоровье.-М.:РИПОЛ, 1996.
- Էֆիմերտէ.-Եր.:Ապոլոն, 1992.
[խմբագրել] Հղումներ
- Уильям Лилли. Христианская астрология, смиренно изложенная в трёх книгах.
- Малые тела Солнечной системы.