Եզնիկ Կողբացի
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզնիկ Կողբացի (մոտ 380, գ.Կողբ–450)՝ հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղացական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում ենԿորյունը,Եղիշեն,Մովսես Խորենացին։ Եզնիկ Կողբացու ածխատություններից պահպանվել է «Եղծ աղանդոց»–ը, հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը։ Եզնիկ Կողբացին հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական–ջատագովական ուղղությանը։ Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը աստվածն է՝ մշտնջենական, ոչնով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառը հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից զրվանականությունը։ Աղանդների հերքման և քրիստոնեության փիլիսոփայական հիմնավորման առնչությամբ Եզնիկ Կողբացին արտահայտվում է նաև անտիկ փիլիսոփայական ուսմունքների՝ հունական պոլիթեիզմի, ստորկյան պանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատում զգայական աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է սնահավատությունը, ճակատագրապաշտությունը, աստղագուշակությունը, հեթանոսությունից հավատալիքները։ Ըստ նրա աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։ Զգայությամբ մարդն ընկալում է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գորշողությունները, վարվելակերպը։ Հետևաբար, բանականությունը, զգայության համեմատությամբ ճանաչողության բարձր ձև է։ Սակայն, զգայությունից և բանականությունից բացի, մարդուն հատուկ է նաև բնազդը։ Մտածելու ունակությունը կորցնելու դեպքում մարդը բացառապես գործում է բնազդով։ Եզնիկ Կողբացին պաշտպանել է չորս տարրի ուսմունքը. ըստ նրա, բնությունը կազմված է աստծու ստեղծած չորս տարրերից՝ կրակից, օդից, ջրից և հողից։ Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության (ֆիզիկայի, բժշկության և կենսաբանության)մասին։