Տիգրան Մեծ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Մեծ (կամ էլ՝ Տիգրան Բ Մեծ) (մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55), Հայոց թագավոր մ.թ.ա. 95-ից, պետական և ռազմական գործիչ։ Տիգրան Ա–ի որդին։ Մ.թ.ա. մոտ 112–ին Պարթևաստանի ներխուժման դեմ Հայսատանի անհաջող պայքարից հետո գահաժառանգ Տիգրան Բ տրվել է պատանդ։ Մ.թ.ա. 95-ին, Պարթևաստանի արքա Միհրդատ II Արշակունին զիջելով Հայաստանի հարավ–արևելյան գավառները, նա ազատվել է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը։ Մ.թ.ա. 93-ին Ծոփքի թագավորությունը միացրել է Մեծ Հայքին, հիմնականում ավարտելով իր նախորդների սկսած հայկական հողերի միավորումը։ Մ.թ.ա. 85–ի հայ–պարթևական պայմանագրով Տիգրան Բ Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը, պարթև Արշակունիները նրան են զիջել «արքայից արքա» տիտղոսը։ Նա սերտ կապեր է հաստատել Ասորիքի հելլենիստական քաղաքների իշխող վերնախավերի հետ, որոնք մ.թ.ա. 83–ին Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան։ Մ.թ.ա. 70–ական թթ. Տիգրան Բ–ի գերիշխանությունը տարածվել է Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելյան ափերը, Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով։ Մ.թ.ա. 69 թ. Հայ–հռոմեական պատերազմի առաջին փուլը ավարտվել է Տիգրան Բ–ի պարտությամբ։ Նվաճվել է Տիգրանակերտը։ Մ.թ.ա. 67 թ. Պատերազմի երկրորդ փուլում Տիգրան Բ պայքարել է Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար։ Վճռական ճակատամարտում՝ Արածանի գետի ափին, հայոց զորքը՝ Տիգրան Բ–ի առաջնորդությամբ, պարտության է մատնել հռոմեական բանակին և հարկադրել նահանջի։ Այս հաղթանակի շնորհիվ խափանվել են Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու հռոմեական ծրագրերը։ Մ.թ.ա. 64–ին Տրգրան Բ Պարթև Հրահատ III թագավորի հետ կնքել է պայմանագիր, որով հիմք է դրվել Հռոմի դեմ հայ–պարթևական ռազմաքաղաքական համագործակցության։ Դրանով իսկ Տիգրան Բ խափանել է Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, պահպանել պետության անկախությունն ու տարածքային միասնությունը։
Տիգրան Մեծը ստեղծել է աշխարհակալ տերություն մոտ 3 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ անհայտ աղբյուր