Ռուբեն Գ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Գ (1145-1187), Կիլիկիայի Հայոց իշխան 1175–ից։ Ռուբինյանների ազգատոհմից։ Իշխան Ստեփանեի և Հեթումյան դշխուհի Ռիթայի ավագ որդին։ Հոր եղերական վախճանից հետո մոր և կրտսեր եղբայր Լևոնի հետ դաստիարակվել և կրթվել է քեռու՝ Բակուրան իշխանի մոտ։ Գահ է բարձրացել հորեղբոր՝ Մլեհի դավադրական սպանությունից հետո։ Գահակալման սկզբին մահապատժի է ենթարկել Մլեհի դավադիրներին, զսպել որոշ իշխանների անջատամետ ձգտումները, Բյուզանդիայից ազատագրել Ադանա և Մսիս քաղաքները։ Մանուիլ I կայսեր մահից հետո Ռուբենը վերացրել է կայսրության վերջին հենակետները Դաշտային Կիլիկիայում, բյուզանդական տարրից մաքրել ծովեզերքը։ 1182–ին պաշարել է Հեթումյան հզոր և դեռև կիսանկախ իշխանության կենտրոն Լաբրոնը։ Ռուբենի դեմ երկարատև պայքարում Հեթումյաններն օգնություն են խնդրել Անտիօքի դուքս Բոհեմունդից։ Վերջինս խաղաղության պայմանագիր կնքելու պատրվակով, 1185–ին Ռուբենին հրավիրել է Անտիոք, խարդախորեն ձերբակալել է նրան և իր զորքով ներխուժել Դաշտային Կիլիկիա։ Սակայն, հանդիպելով Ռուբենի եղբոր՝ հայկական զորաբանակի զորավար Լևոնի հակահարվածին, Բոհեմունդը նահանջել է։ 1187–ին Լևոնը փրկագնել է Ռուբենին, բայց վերջինս գահը կամովին հանձնել է եղբորը՝ Լևոննին, և նվիրվել կրոնին։