Ուրց
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրցը շրթածաղկավորների ընտըանիքի վայրի բույս է: Լատիներեն անվանումն է՝ Thymus: Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է:
[խմբագրել] Բաղադրություն
Ուրցը պարունակում է 0.5 - 1% եթերայուղ, որի բաղադրիչներն են` թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, բորնեոլը, ցինգիբերենը: Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը` կալիում, կալցիում, մագնեզիում: Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա պայմաններում:
[խմբագրել] Օգտագործում
Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն: Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով:
Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն: Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց: Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով` բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ:
Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը: