Մատենադարանի ձեռագրերը քիմիայի մասին
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
[խմբագրել] Ալքիմիա – Քիմիա
Մատենադարանի ձեռագրերում առանձնանում են նաև քիմիա գիտությանը վերաբերող աշխատությունները, որոնք ներկայանում են Հովհաննես Երզնկացու (1283թ.) «Վասն նյութի ու տեսակի», ինչպես նաև անանուն հեղինակների «Խրատք ոսկվո հալելու» (16-րդ դ.) և «Դեղաբուսակ» խորագրերը կրող երկերով, հետաքրքրական է, որ վերջին աշխատանքում տրված են նաև դեղաբույսերի նկարները և դրանց պարսկերեն անունները, որպեսզի օգտվողները դեղեր պատրաստելիս չշփոթեն բույսերը:
Հովհաննես Երզնկացին զանազան տեղեկություններ է հայտնում աղերի, հանքերի, թթուների, գազերի միացման կամ տարազատման ժամանակ առաջացող նոր նյութերի վերաբերյալ: Նա գտնում է, որ բնության հիմքում ընկած նյութը հավիտենական է, այն կարող է փոխել իր որակը, վերածվել այլ նյութի, բայց երբեք չի ոչնչանում:
Մատենադարանում պահվող մատյաններն իրենց թերթերի վրա փայլփլող ընդմիշտ թարմ ներկերով ու թանաքներով, կազմերի կաշվով, արծաթով և բազմաստիճան մշակում ստացած մագաղաթով և զանազան այլ մանրամասներով անառարկելիորեն վկայում են միջնադարյան Հայաստանում գոյություն ունեցած համապատասխան քիմիական գիտելիքների, սարքավորումների ու միջոցների մասին, որոնց առկայությամբ միայն հնարավոր է արտադրել նշված նյութերը: Գրիչներն ու նկարիչները երբեմն հայտնում են ներկերի ու թանաքների ստացման եղանակներն ու դեղատոմսերը, որոնց ուսումնսիրությունը կարող է նպաստել բարձրորակ ներկեր ստանալու գործին: