Կոստանդին Դ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին Դ (ծն.թ.անհայտ–1363), Հայոց թագավոր Կիլիկիայում 1345–ից։ Հաջորդել է Կոստանդին Գ Լուսինյանին։ Հեթումյանների ազգականը։ Համախմբելով հայրենասեր իշխաններին՝ 1346–ին ետ մղեց մամլուքների ու թուրքմենների հարձակումը, ազատագրեց Կապան կարևոր բերդը։ 1347–ի ամռանը ջախջախեց Կիլիկիա ներխուժած Եգիպտոսի սուլթանության առաջապահ գնդերը, իսկ աշնանը Կիպրոսի նավատորմիղի աջակցությամբ ազատագրեց Այաս նավահանգստային կենտրոնը։ Օգտագործելով իր ռազմական հաջողություննեևը Կոստանդինը փորձեց հաշտություն հաստատել Եգիպտոսի հետ։ Սակայն Եգիպտոսի սուլթանը, մերժելով Կոստանդնի առաջարկը՝ Հալեպի ամիրայության և Իկոնիայի թուրքմենների զինակցությամբ վերսկցեց պատերազմը։ Եգիպտոսը գրավեց Այասը, թուրքմենները՝ Պապեռոն բերդը, Հալեպի ամիրան՝ երկրի արևելյան շրջանները։ Օգտվելով 1348-1349–ին Եգիպտոսում ծավալված գահակալական կռիվներից՝ Կոստանդինը Հռոդոսի Ս. Հովհաննես օրդենի ասպետների օգնությամբ ջախջախեց Հալեպի ամիրայի ասպատակիչ զորամասը և հասավ մինչև Ալեքսանդրետի ծովը։Պապի և Արևմուտքի պետությունների օգնությամբ սին խոստումներից հիասթափված Կոստանդնի և Մեսրոպ Ա Արտազեցի կաթողիկոսի նախաջեռնությամբ 1361–ին Սսում գումարված ժողովը չեղյալ հայտարարեց հայ և կաթոլիկ եկեղեցիների միության վերաբերյալ նախկին ժողովների որոշումները, դատապարտեց պապականության վարքագիծը։ Կոստանդնի անունով հատվել է ոսկյա դրամ։