Ազնվամորի
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազնվամորին (լատիներեն անվանումը` Rubus idaeus L.) վարդազգիների ընտանիքին պատկանող, 1-1.5մ բարձրության թուփ կամ կիսաթուփ է: Ազնվամորու տերևները բարդ են, եռմասնյա: Ծաղկաբոյլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտսկ են, պտուղը` բազմակորիզավոր: Բույսի լատինական անվանումը ծագել է հասուն պտուղների գույնից, որ նշանակում է կարմիր:
[խմբագրել] Բաղադրություն
Ազնվամորու պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից` C, B խումբ, շաքարներից` սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա նաև դաբաղանյութեր, քիմիական տարրերից` նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ:
[խմբագրել] Օգտագործում
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն` տերևներն ու ծաղիկները:
Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո: Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս - հուլիս ամիսներին: Դեռևս հին հույները ազնվամորին օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով: Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների օշարակը և թուրմը լայնորեն օգտագործվում է գրիպի, մի շարք ցրտառական, տենդային հիվանդությունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ: Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ:
Տիբեթյան բժշկության մեջ ազնվամորու պտուղների և տերևների թուրմն ու եփուկը օգտագործել են նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և խրոնիկական ինֆեկցիաների բուժման բնագավառներում: Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց: Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմը ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն: Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները: Բուժական հատկությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին:
Ազնվամորու պտուղները օգտագործվում են թարմ վիճակում: Նրանցից ստացվում է բարձրորակ մուրաբա, կոմպոտ, օշարակ, կիսել, մարմելադ, պաստեղ, կվաս, կոնֆետի խորիզ: Պտուղները լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի, լիկյորի, օղու արտադրությունում: